Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի հովանաւորութեամբ եւ Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի կազմակերպութեամբ, կիրակի՝ մայիսի 29-ի երեկոյեան ժամը 7։30-ին, Ս. Ա. վանքի շրջափակում` յոբելեար գրադարանի մուտքի առջեւ տեղի ունեցաւ գերշ. Վարուժան արք. Հերկէլեանի աշխատասիրութեամբ հրատարակւած «Դիւան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի - մաս Բ» գրքի շնորհանդէսը։ Գիրքը պարունակում է Ս. Ամենափրկչեան վանքի արխիւատան մէջ գոյութիւն ունեցող Ս. Էջմիածնի Մայր Աթոռից 1705-1800 ժամանակահատւածի ընթացքում Նոր Ջուղա առաքւած կոնդակներից թւով 65-ի քննական վերծանումը եւ առնչակից ծանօթագրութիւններ։
Երեկոյին ներկայ էին` գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ գրասէր հայորդիներ:
Ծրագրի բացումը եւ օրւայ հաղորդավարութիւնը կատարեց Վերգինէ Միրզախանեանը, ով համառօտ կերպով ներկայացրեց գիրքը։ Բացման խօսքին յաջորդեց Թովմա Գալստանեանի միջոցով գրքում տեղ գտած կոնդակներից մէկի ընթերցումը եւ համառօտ թարգմանութիւնը։ Նա հակիրճ բացատրութիւն տւեց նաեւ անցեալում առաքւած կոնդակների բովանդակութեան եւ ոճի վերաբերեալ։
Ապա համայնքի տաղանդաւոր երաժիշտներից Անուշ Յովհաննիսեանը ուդի նւագակցութեամբ մենակատարեց երաժշտական մի համար։
Յաջորդիւ ներկաներին իր հայրական խօսքը փոխանցեց գերշ. Սրբազան Հայրը, ով համապարփակ կերպով անդրադարձաւ գրքի պատրաստման աշխատանքներին եւ իր գնահատանքի խօսքն ուղղեց հեղինակին ու բոլոր այն անձանց, ովքեր իրենց մասնակցութիւնն են բերել գրքի պատրաստման աշխատանքներում։ Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը շեշտեց առաջնորդարանի արխիւատան մէջ գոյութիւն ունեցող փաստաթղթերի կարեւորութիւնը իբրեւ ազգային գանձեր՝ պատմական ճշմարտութիւններ երեւան բերելու հարցում եւ կարեւոր համարեց նրանց լոյս աշխարհ ընծայելն ու հանրութեանը հասանելի դարձնելը, միաժամանակ դրւատեց ազգային մարմինների կողմից տարւող աշխատանքները եւ ցուցաբերած ուշադրութիւնը՝ արխիւատան մէջ գտնւող նիւթերի պահպանման վերաբերեալ։ Նա շնորհակալութիւն յայտնեց գրքի հրատարակման մեկենասութիւը յանձն առած տէր եւ տկն. Վարդան եւ Անահիտ Վարդանեաններին, ովքեր Անահիտ եւ Վալերի Տէր-Մկրտչեանների յիշատակին նւիրելով գիրքը՝ օժանդակեցին ի կատար ածել այս յոյժ կարեւոր աշխատանքը։
Այնուհետեւ Սրբազան Հօր, Պատգամաւորական Ժողովի դիւանի եւ Թեմական խորհրդի ատենապետեր Վարուժ Մինասեանի ու Վրէժ Տէր-Մարտիրոսեանի միջոցով կատարւեց գրքի գինեձօնը։
Ծրագրից յետոյ, ներկաներն այցելեցին «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում կազմակերպւած ցուցահանդէսը, որտեղ գրքի մէջ հրատարակւած 65 կոնդակներից ցուցադրութեան էր դրւել թւով 9-ը։ Այնտեղ նաեւ վաճառքի էին դրւել գրքից օրինակներ, որոնք ցանկացողներին տրամադրւեցին Սրբազան Հօր մակագրութեամբ։
Թղթակից (Նոր Ջուղա)